Մարդիկ Քոչարյանին վաղուցվա մարդասպան են համարում, բայց ցինիզմով դեռ խոսում է․․․

Երեկ թերթերից մեկին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի նոր՝ բրիտանացի փաստաբան Էդվարդ Ֆիցջերալդը տարակուսել էր, որ իր պաշտպանյալին մարդասպան են համարում մինչև դատավճռի հրապարակումը։ Զուտ իրավական կատեգորիաներով փաստաբանը գուցե ճիշտ է․ անմեղության կանխավարկածը հուշում է, որ մարդու հանցագործության մասին պնդում կարելի է անել միայն դատարանի վերջնական վճռից հետո։

Սակայն Ֆիցջերալդը թերևս տեղյակ չէ, որ Քոչարյանին հասարակությունը մարդասպան է համարել շատ ավելի վաղ՝ նույնիսկ այն ժամանակ, երբ Մարտի 1-ի արյունոտ ոճիրը տեղի չէր ունեցել։

Տասնյոթ տարի առաջ այս օրը հարյուրավոր երևանցիներ հավաքվել էին Կարապի լճի մոտ՝ մոմավառությամբ հարգելու Պողոս Պողոսյանի հիշատակը։ Դա իրականում բողոքի ակցիա էր, որովհետև մոմավառությունից ընդամենը յոթ օր առաջ Պողոսյանը դաժանաբար սպանվել էր «Առագաստ» սրճարանում՝ Քոչարյանի անուղղղակի ցուցումով, նրա թիկնապահի կողմից։

Կարապի լճի մոտ հավաքված մարդիկ դեռ 17 տարի առաջ համոզված պնդում էին, որ Քոչարյանը մարդասպան է․ պնդումը գուցե դարձյալ իրավական չէր, սակայն իրական էր, որովհետև Քոչարյանն այդ պարագայում հասարակության կողմից «բռնվել» էր «հանցանքի վայրում»։

Պողոս Պողոսյանի դաժան սպանությունը լավագույնս բացահայտում է Քոչարյանի մարդկային որակը, սա նրա արյունոտ իշխանությունը խոհրդանշող մի հանցանք է ու եթե անգամ չլիներ երկրորդ նախագահի կողմից գործված այլ ոճիր, այս դրվագը բավարար է՝ մարդասպանի խարանով մարդկանց հիշողության մեջ մնալու համար։

2001թ-ին Հայաստան հյուր էր ժամանել ջավախքահայ Պողոս Պողոսյանը, սեպտեմբերի 25-ին ընկերների հետ գնացել էր «Առագաստ» սրճարան, որտեղ իր գավառական ճաշակը ջազով հարստացնելու էր եկել նաև Ռոբերտ Քոչարյանը:

Չգիտենք` Պողոսյանը մի քիչ գինովցա՞ծ է, եղել, թե՞ անսահման ուրախացել է նախագահին տեսնելով, բայց արտասանել է «պրիվետ Ռոբ» արտահայտությունը, ինչի հետևանքով Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները նրան դաժան ծեծի են ենթարկել սրճարանի զուգարանում` հասցնելով մահվան: Սպանությունից մի քանի օր հետո, Ռոբերտ Քոչարյանը ցինիզմով հայտարարել է, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Թիկնապահներից մեկը՝ Աղամալ Հարությունյանը` Կուկու մականվամբ, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման: Ահա այսպես էր Ռոբերտ Քոչարյանը պաշտպանում իր հանցագործ շրջապատին: Այսպես կարող էր վարվել միայն մարդը, ով տվել է սպանության պատվերը ու ատամներով պաշտպանում է իր քիլլերին։

Պողոս Պողոսյանի դաժան սպանությունը կարևոր բարոյական, հոգեբանական ենթաշերտ ուներ, որը ոչնչացրեց Հայաստանի մտավորականություն, էլիտա կոչվածին: 1999-ի հոկտեմբերի 27-ի հրեշավոր ոճրագործությունից հետո երկրում այնպիսի սարսափի մթնոլորտ էր, որ այդ երեկո «Առագաստ» սրճարանում ներկա գտնվողներից որևէ մեկը չհանդգնեց հանրությանը պատմել տեղի ունեցած ոճիրի մասին` գերադասելով չհայտնվել Քոչարյանի քինախնդրության թիրախում: Խոսեց միայն լրագրող Մարկ Գրիգորյանը, ում դեմ շուտով մահափորձ կազմակերպվեց, ինչի հետևանքով նա հեռացավ Հայաստանից և երկար տարիներ բնակվում էր Մեծ Բրիտանիայում:

Ու հիմա Քոչարյանն այնքան ցինիզմ ունի, որ դեռ խոսում է իր իրավուքների ոտնահարման, քաղաքական հետապնդումների մասին՝ երկու տասնյակ մարդկանց սպանության պատասխանը չտված, ձեռքերի արյունը չմաքրած։ Մի դատավոր կամ նույնիսկ ամբողջ դատական համակարգը կարող են սխալվել, բայց հասարակության երկու տասնամյակ ձևավոված ու կայունացած դիրքորոշումը՝ ոչ․ Քոչարյանին մարդիկ մարդասպան են համարում վաղուց․․․

Աղբյուր

 

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մարդիկ Քոչարյանին վաղուցվա մարդասպան են համարում, բայց ցինիզմով դեռ խոսում է․․․
error: Content is protected !!