Կառավարության այսօրվա նիստը քննարկման թեմա էր դարձրել վիրուսի պատճառով դժվար պայմաններում հայտնված քաղաքացիներին տարբեր ծրագրերով օժանդակություն տրամադրելու գործընթացները:
Այս շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց մի ծրագիր, որը օժանդակություն էր սահմանում այն քաղաքացիներին, ովքեր կոմունալ վճարումների որոշակի սահմանաչափ են գրանցել: Կոմունալ վարձավճարների փոխհատուցումը նախատեսվում է տրամադրել փետրվար ամսվա վճարների դիմաց:
Մ. Գրիգորյանի տրամադրած տեղեկատվության համաձայն կառավարությունը կփոխհատուցի այն քաղաքացիների փետրվար ամսվա կոմունալ վճարների հիսուն տոկոսը, որոնց այդ ամսվա ծախսը գազի դիմաց չի անցել 10 հազար դրամի սահմանաչափը, իսկ լույսի դիմաց՝ 5 հազար դրամը:
Այն քաղաքացիները, ովքեր տեղավորվում են սահմանված այս օրինաչափության մեջ, բայց մինչ այս պահը կատարել են վճարում, կստանան իրենց վճարած գումարի հիսուն տոկոսի չափով փոխհատուցում հաջորդ ամսվա կոմունալ վճարի համար:
Միջոցառումը տասնմեկերորդն էր, որը ներկայացվեց Կառավարության դատին և ընդունվեց: Օժանդակություն ստանալու են այդ շեմից ցածր բոլոր բաժանորդները՝ անկախ նախկինում ունեցած պարտքի: Փոխանցումն իրականացվելու է անմիջապես կոմունալ ծառայությունը մատուցած ընկերությանը: