Քոչարյանի ապագան ուղղիչ աշխատանքային գաղութն է, ոչ թե քաղաքականությունը

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը (Պրահա)։

-Պարոն Առաքելյան, Ռոբերտ Քոչարյանն իր երկրորդ հարցազրույցում արդեն բաց տեքստով հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն։ Ինչպե՞ս է Սփյուռքը գնահատում, կա՞ արդյոք մտահոգություն, թե՞ ոչ։

Այդ մարդը հանցագործ է, նրա տեղը ոչ թե քաղաքականության մեջ է, այլ բանտում։ Իր «համակիրները», ովքեր իր հետ միասին եկել մտել էին քաղաքականություն, իրենց բոլորի ապագան պիտի դառնա ուղղիչ աշխատանքային գաղութը։ Եվ նրա՝ քաղաքականություն վերադարձը մեկ նպատակ է հետապնդում՝ իր քրեական հանցագործությունները, որոնք կատարվել են տարիներ շարունակ, նաև իրեն հաջորդողների կողմից, այդ ամբողջ պրոցեսի քրեական ենթատեքստը վերածվի քաղաքական ենթատեքստի։ Եվ սա է միակ նպատակը։ Ինքը և իր համախոհները շատ լավ հասկանում են, որ իրենք ժողովրդական աջակցությունը չունեն երկրում։ Եվ դա ակնհայտ ցույց տվեց իրենց՝ վերջերս կազմակերպված ակցիան, որտեղ տեսանք թանկարժեք ցուցապաստառներ, որոնք ընդամենը երկու հոգի էին պահել։ Փողոցի կեսը ցուցապաստառն էր, հետևում՝ երկու հոգի, այն էլ երեսները ներքև պահած։ Եվ հիմա, բռնելով փրփուրներից, նրանք փորձում են քաղաքականացնել։

-Իսկ որքանո՞վ կարող են առհասարակ հաջողել՝ հաշվի առնելով, որ ԱԺ-ում նրան սատարող ուժեր կան։ Այս առումով վտանգներ չկա՞ն։

-Նախ՝ ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ն կուսակցություն է իր բնույթով։ Ես չեմ կարծում, որ ներկայիս ՀՅԴ-ն կուսակցություն է։ ՀՀԿ-ն ընդհանրապես ի սկզբանե գոյություն չի ունեցել, իսկ ՀՅԴ-ն այլևս գոյություն չունի։ Չեմ կարծում, որ իրենց կողմից լուրջ վտանգ է սպառնում։ Բայց կան ավելի հզոր ուժեր, որոնք գտնվում են Հայաստանից դուրս, ես կասեի նույնիսկ նախկին Սովետական միությունից դուրս եկած ուժեր։ Չէ՞ որ թե՛ Քոչարյանը, թե՛ նաև Սերժիկ Սարգսյանը սովետից դուրս եկած մարդիկ են եղել։ Սերժիկ Սարգսյանը Ստեփանակերտում եղել է կոմունիստական պրոպագանդայի բաժնի պետ, Ռոբերտ Քոչարյանն էլ նրա աշխատակիցը։ Նրանք երկուսով 80-ականներին զբաղվել են կոմունիստական գաղափարների քարոզչությամբ: Սիստեմը քանդվել է, բայց կառուցվածքն այսօր էլ գոյություն ունի և՛ Ռուսաստանում, և՛ Բելառուսում, և՛ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում։ Ես ավելի քան համոզված եմ՝ այդ ուժերի կողմից այսօր բազում պլաններ են մշակվում, թե ինչպես տապալել ստեղծված իրավիճակը։ Մի վայրկյան չեմ կասկածում, որ այդ ուղղությամբ հիմա շատ լուրջ ուժեր են աշխատում։ Եվ ես չեմ բացառում, որ իրենց ջանքերը կարող են նաև որոշ մասով հաջողվել: Եվ իրենց դեմ ոչ մի չափառ չեն խնայի։

-Մյուս կողմից՝ այսօր կա հանրային մեծ աջակցություն Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը։

-Այո՛, և հենց այդ ուժերի խնդիրն այն է, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ունի գրեթե հարյուր տոկոսանոց ժողովրդական աջակցություն։ Եվ եթե այդ աջակցությունը չլիներ, սա շատ հեշտ լուծվող հարց էր, և հիմա իրենք աշխատում են այն ուղղությամբ, թե ստեղծված իրավիճակից ինչպես դուրս գան։ Բանն այն է, որ այդ կառույցների գործիքները շատ բազմազան են, իրենք ոչ մի բանի առաջ չեն կանգնի և իրենք չունեն ոչ մի բարոյական պատասխանատվություն՝ ի տարբերություն Հայաստանի այսօրվա ղեկավարության։ Պարզապես ուզում եմ կոչ անել և հասկացնել, որ այդ համակարգի դեմ պետք է պայքարել այդ համակարգի գործիքներով։ Իրենք բարությունն ընդունում են իբրև թուլություն, դեմոկրատական մոտեցումներն ընդունում են որպես փոքրոգություն։ Եվ իրենց դեմ պետք է պայքարել իրենց գործիքներով այնպես, ինչպես ժամանակին արվեց շատ երկրներում։ Պինոչետը սրիկա էր, մարդասպան էր, բայց եկեք տեսեք՝ հիմա Չիլին ինչ երկիր է իրենից ներկայացնում, և կողքի երկրները, որ այդ ճանապարհով չգնացին, հացի խնդիր ունեն, իսկ Չիլին դեմոկրատական երկիր է դարձել։

-Քոչարյանը հարցազրույցում հիշեց նորից իր ժամանակները, նշեց տնտեսական աճի մասին և հավելեց, որ եթե մոնոպոլյաներ լինեին իր ժամանակ, այսքան տնտեսական աճ չէր լինի։ Որպես տնտեսագետ՝ ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

-Այսօր յուրաքանչյուր աֆրիկյան երկիր, եթե դիտարկենք, շատ հեշտ է բարձր տնտեսական աճ արձանագրել, որովհետև այնտեղ տնտեսություն գոյություն չունի։ Եվ ինչ էլ ցույց տաս, կլինի տնտեսական աճ։ Շատ բարդ է ուժեղ տնտեսական աճ ցույց տալ զարգացած երկրներում, օրինակ, Շվեյցարիայում, քանի որ այնտեղի տնտեսական զարգացվածությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։ Եվ այն կենսամակարդակային աճը, որ տեղի ունեցավ 2000-ականներին, դա ոչ միայն ֆիքսվել է Հայաստանում, այլ Ռուսաստանում, Ուկրաինայում և գրեթե բոլոր պոստսովետական երկրներում, քանի որ այդ երկրները փաստացի սկսել են զրոյից և ապահովել այնտեղ քիչ թե շատ ներդրում։ Մի գործարան ես բացում մի քանի հարյուր հոգանոց, այդ գործարանը արդեն կարող է ազդել տնտեսական ցուցանիշների վրա։ Հայաստանում այդպիսի զրոյական իրավիճակ էր, դրա համար էլ տնտեսական աճ է արձանագրվել այն ժամանակ։ Եվ ինչո՞ւ պարոն երկրորդ նախագահը չի խոսում այն պետական պարտքի մասին, որը սկսել էր իր ահռելի աճը հենց իր կառավարման ժամանակ, կամ էլ այն մասին, որ կոռուպցիան հենց իր կառավարման տարիներին թևերը պարզեց… Իմ կարծիքով՝ դա դատարկ լեզվաբանություն է, ոչ ավելի։

-Արտահերթ ընտրությունների արդյունքում ինչպիսի՞ խորհրդարան եք ակնկալում։

-Իրականում շատ բարդ է լինելու անցկացնել թափանցիկ և դեմոկրատական ընտրություններ, որովհետև մարդկանց մենթալիտետը դժվար է փոխվում։ Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, հսկայական առաջընթաց էր մարդկանց մտածելակերպի մեջ, այնուամենայնիվ, չեմ բացառում, որ հակահեղափոխական ուժերը կարող են իրենց նպատակներին որոշ չափով հասնել։ Դրան զուգահեռ կարող եմ ասել, որ ես չէի ուզի՝ Հայաստանի ԱԺ-ում մեծամասնություն լինեն մեկ կուսակցության ներկայացուցիչները։ Կուզենայի, որ ամեն դեպքում ստեղծվեր կոալիցիա, ներգրավվեին այն ընդդիմադիր ուժերը, որոնք տարիներ շարունակ պայքարել են։ Պետք է ստեղծվի հակակշիռների հնարավորություն, և իշխանությունն էլ որևէ դեպքում չպետք է կենտրոնացված լինի մեկ կուսակցության ձեռքում։ Դրա համար, որքան շատ հնարավորություններ ստեղծվեն, այնքան լավ։ Հիմա շատ բարդ աշխատանք պետք է կատարվի այս նպատակին հասնելու համար։

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Քոչարյանի ապագան ուղղիչ աշխատանքային գաղութն է, ոչ թե քաղաքականությունը
error: Content is protected !!