Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դատվելու են. սալվադորական նախադեպը

Կենտրոնական Ամերիկայի փոքր երկրի՝ Սալվադորի մայրաքաղաք Սան Սալվադորում դատարանը կոռուպցիայի մեղադրանքով տաս տարվա ազատազրկման է դատապարտել երկրի նախկին նախագահ Անտոնիո Սակային: Վերջինս ընդունել է իր մեղքը: Ըստ մեղադրող կողմի՝ Սական պետական բյուջեից ավելի քան 300 միլիոն դոլար է յուրացրել: 53-ամյա նախկին նախագահի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը գործարք է կնքել դատարանի հետ է՛լ ավելի երկարատև պատժաչափից խուսափելու համար:

«Սա աննախադեպ դատական վճիռ է Սալվադորի պատմության ընթացքում, նախկինում երբևէ չի հաջողվել ապացուցել, որ նախկին նախագահը եղել է պետության փողերը գողացող հանցավոր խմբավորման պարագլուխ»,- ասել է պետական մեղադրող Խորխե Կորտեզը:

Անտոնիո Սական Սալվադորի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2004-2009 թվականներին:

Ուշագրավ է, որ Անտոնիո Սակային փոխարինած նախագահ Մաուրիցիո Ֆունեսը նույնպես մեղադրվում է կոռուպցիայի մեջ և 2016 թվականից գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

Ընթերցողին մի պահ կարող է թվալ, որ խոսում ենք ոչ թե հեռավոր Սալվադորում ծավալվող իրադարձությունների, այլ հայկական իրականության մասին, որտեղ Ռոբերտ Քոչարյանն ու նրան հաջորդած Սերժ Սարգսյանը հասարակության կողմից մեղադրվում են տոտալ կոռուպցիայի, թալանի մեջ:

Իհարկե, Հայաստանում դեռ չկան կայացված դատավճիռներ, սակայն երկու նախկին նախագահների շուրջ օղակը սեղմվում է.

յուրաքանչյուր նոր կոռուպցիոն բացահայտում առնչվում է կամ երկու նախկին նախագահների անմիջական շրջապատներին կամ նույնիսկ` հարազատներին:

Սալվադորի դեպքն ուշագրավ է, կարելի է ասել` նախադեպային է. մեղադրող կողմին հաջողվել է ապացուցել, որ նախագահ Անտոնիո Սական պետությունից 300 միլիոն դոլար է յուրացրել ինստիտուցիոնալ կոռուպցիոն համակարգի միջոցով` երկիրը վերածելով գողապետության:

Սա իսկապես նախադեպային որոշում է Հայաստանի համար` թեև Փաշինյանի կառավարության առաջին բացահայտումները ցույց են տալիս, որ Հայաստանում անհամեմատ մեծ են եղել կոռուպցիայի ու թալանի ծավալը, մասշտաբը:

Դատեք ինքներդ` միայն «Կոնգրես» հյուրանոցի ձեռքբերման դրվագով Քոչարյանին մեղսագրվում է արարք, որը վերաբերում է վեց միլիոն դոլարի յուրացմանը, կաշառքին կամ փողերի լվացմանը: Սերժ Սարգսյանի եղբոր բանկային ընդամենը մեկ հաշվի վրա հայտնաբերվել է երեսուն միլիոն դոլար: Կասկածից դուրս է, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին երկրից թալանվել է միլիարդավոր դոլարներ, ըստ որոշ հաշվարկների` խոսքը 20-30 միլիարդ դոլարի մասին է:

Նախկին նախագահ Սական խելամիտ որոշում է կայացրել. ավելի խիստ պատժից խուսափելու համար նա համագործակցել է մեղադրող կողմի հետ` պարտավորվելով 260 միլիոն դոլար վերադարձել պետությանը:

Սալվադորի նախկին նախագահի շուրթերից չեն հնչում հայտարարություններ քաղաքական հետապնդումների ու վենդետայի մասին:

Հայկական հակահեղափոխությունն առայժմ դիմադրում է` խոսելով քաղաքական հետապնդումների մասին, պետությանը մարտահրավերներ նետելով գաղտնալսումներ ու այլ բնույթի դավադրություններ կազմակերպելով:

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն կարող խուսափել քրեական հետապնդումից ու պատասխանատվությունից, հակառակ դեպքում` կպարտվի հեղափոխությունը: Բացի կոռուպցիոն մեղադրանքներից, Ռոբերտ Քոչարյանն արդեն մեղադրվում է նաև սահմանադրական կարգի տապալման մեջ, չափազանց մեծ է հավանականությունը, որ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվելու նաև Սերժ Սարգսյանին:

Ռեստավրացիայի կողմնակիցների դիմադրությունը միայն կոնսոլիդացնելու է հասարակությանը` թույլ չտալով, որ անտագոնիստական ռեժիմում Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ավելի հանդուրժող մոտեցում ցուցաբերի քրեաօլիգարխիայի առաջին դեմքերի հանդեպ:

Նյութի աղբուրը՝ 1in.am

Оцените статью
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դատվելու են. սալվադորական նախադեպը
Ռոբերտ Աբաջյանի մասին պատմող նոր ֆիլմն արդեն հասանելի է համացանցում
error: Content is protected !!