Բուռն, ընտանիքին, կնոջը նվիրված, հետաքրքիր, առանձնահատուկ ու կոլորիտային բառապաշար ունեցող, շրջապատում բարձր տրամադրություն հաղորդող եզակի անձնավորություն… ահա այսպես են հիշում մեծանուն կոմպոզիտորին ընկերներն ու ժամանակակիցները:
Բաբաջանյանական գույնը մինչ հիմա իշխում է հայ երաժշտության մեջ, և ոչ միայն: Բաբաջանյանը ընդունելի և սիրելի է նաև Հայաստանի սահմաններից դուրս:
Նա անշրջելիորեն սիրահարված էր կյանքին, և այդ մեծ սիրուց էլ ծնվում էին նրա երգերը, սրտամոտ ու գեղեցիկ երաժշտությունը: Նա մեղեդու էր վերածում իր շռայլ հոգին: Նա ներկայացնում է մի ամբողջ ժամանակաշրջան երաժշտության մեջ:
Նա ծնվել էր մաթեմատիկայի մասնագետի, ուսուցչի ընտանիքում: Հայրը՝ Հարություն Բաբաջանյանը, մտահոգվում էր փոքրիկ որդու մեծ քթով, որն էլ հետագայում դարձավ հանճարեղ կոմպոզիտորի այցետոմսը:
Առնոն ծնվել էր Լենինի մահվան օրը, ուստի հայրը հետագա խնդիրներից խուսափելու համար հունվարի 21-ը ծննդականում գրել է տալիս հունվարի 22:
Դեռ մանկուց Առնոն ֆլեյտա էր նվագում, իսկ հետագայում դարձավ նաև հրաշալի դաշնակահար, կոմպոզիտոր:
Նրա երգերի առաջին կատարողը Ռաիսա Մկրտչյանն էր: Երգչուհին լավագույնս ներկայացրեց մեծ կոմպոզիտորի երգերը՝ արդարացնելով իրեն ուղղված բոլոր հույսերը:
Կից ներկայացնում ենք նրա մասին պատմող փոքրիկ ֆիլմ, որտեղ նրա մասին խոսում են նրա ընկերները, մտերիմները: