Մայրական եւ ծնողական աղոթքի զորությունը

Լինում են, չէ՞, դեպքեր, երբ սրտանց աղոթում եք մի բարի նպատակի համար ու թվում է՝ կամ այն չի կատարվում, կամ էլ կատարվում է ձեր ակնկալածի հակառակը: Օրինակ, ասենք, մեկի երեխան վատ ճանապարհի վրա է, մայրն աղոթում է ու թախանձագին խնդրում, որ երեխան ետ դառնա այդ չար ճանապարհից ու փոխանակ երեխան փոխվի ու ավելի բարի դառնա, բանտ է նետվում: Ինչպե՞ս վարվել այսպիսի դեպքերում: Այս պատմությունը մեջբերում եմ Նիկողայոս Սերբացու «Ինչպես ճիշտ աղոթել» գրքից: Այս դեպքը կարծեմ տեղի է ունեցել խորհրդային իշխանության տարիներին:


Օլգան եւ իր միակ որդի Ալեքսանդրը բնակվում էին Մոսկվայի արվարձաններից մեկում: Դեռահասության տարիներին Սաշան ընդունվեց երիտասարդ տղաների մի հեղինակավոր ընկերության մեջ, որոնք ազդեցիկ եւ պաշտոնավոր ընտանիքներից էին: Նա հպարտանում էր իր նոր ընկերներով ու փորձում ամեն ինչում նմանվել նրանց: Բայց, ինչպես դա պատահում է շատ հաճախ, ծնողական փողերը, որոնք երիտասարդներին էին հասնում առանց աշխատանքի ու քրտինքի, օգտակար չեղան նրանց կյանքի համար: Նրանք բոլորը տրվեցին թմրանյութերի կրքին ու սկսեցին թմրանյութ օգտագործել:

Գործը բավական տխուր ավարտ ունեցավ: Նրանց բռնեցին թմրանյութ օգտագործելիս ու հետաքննություն սկսվեց այս բոլոր տղաների նկատմամբ: Ծնողները նետվեցին օգնելու իրենց զավակներին՝ ամեն մեկն իր հնարավորության շրջանակներում: Ամեն մեկը փորձեց իր երեխային օգնել այնպես, ինչպես նա հասկանում էր այս կյանքը: Ազդեցիկ հայրերն ու մայրերը իրենց զավակների համար վարձեցին բարձրակարգ ու որակավորված փաստաբաններ եւ նաեւ սկսեցին օգտագործել իրենց ազդեցիկ կապերը: Օլգան, չունենալով ոչ փող, ոչ կապեր, մայրական խորը մեղավորություն զգալով, որ իր տղան գնացել է այդ ճանապարհով, երկար աղոթում ու աղաչում էր, որ Տերը ողորմություն ցուցաբերի իր զավակի՝ Ալեքսանդրի նկատմամբ: Օլգան խնդրում էր, որ Տերը փրկի Ալեքսանդրին՝ թմրանյութ տարածելու համար վերահաս բանտարկությունից:

Բայց պատկերացնո՞ւմ եք ինչքան մեծ եղավ նրա վիշտը, երբ ամբողջ ընկերությունից միայն Ալեքսանդրը բանտարկվեց, այն էլ՝ 4 տարով, իսկ հարուստ ու ազդեցիկ ծնողների զավակներն ազատ արձակվեցին: Օլգան չհուսահատվեց, ու սկսեց ավելի ջերմեռանդորեն աղոթել: Որոշ ժամանակ անց, պարզվեց, որ սպասվում է համաներում: Մայրն ավելի հաճախ ու ջերմեռանդորեն էր աղոթում ու Աստծուց օգնություն խնդրում, որ տղան ազատվի համաներմամբ: Բայց վաղաժամկետ ազատման փոխարեն, որդու վրա եւս չորս տարի ավելացրին՝ բանտում տեղի ունեցած կռվի պատճառով:

Հոգով թույլ ու հավատքով տկար քրիստոնյան կարող էր այստեղ հույսը կտրել Աստուծո օգնությունից ու դադարել վստահել Աստուծո նախախնամությանը: Եվ Օլգայի մոտ էլ եղան հոգեւոր դատարկության այսպիսի թույլ պահեր, որովհետեւ ախր նա կարդացել էր Եկեղեցու Սուրբ Հայրերի մոտ մայրական աղոթքի աննահանջ ուժի մասին, որ նույնիսկ ծովի տակից կարող էին ազատել զավակին: Բայց ի՞նչ: Նրա աղոթքի արդյունքը թվում էր, թե տրամագծորեն հակառակ էր իր խնդրածից: Մի պահ եկավ, որ մայրն ընդհանրապես դադարեց աղոթել: Բայց տկարությունն անցավ: Օլգան խոնարհվեց, ընդունեց Աստուծո կամքը, տեղափոխվեց մի այլ վայր, ու ոչինչ չէր հիշեցնում ապրած վշտի մասին ու նորից սկսեց աղոթել որդու փրկության համար: Ավարտելով ազատազրկման մնացած տարիները՝ Ալեքսանդրը վերադարձավ: Օլգան միանգամից հասկացավ, որ Սաշան փոխվել էր, ուրիշ մարդ էր դարձել: Բանտը նրան չէր կոտրել, այլ ավելի լրջացրել էր, թեեւ վնասել էր առողջությունը: Նրա մոտ բացվել էր նկարելու կարողություն ու նա նույնիսկ սկսեց սրբապատկերներ նկարել:

Վերադառնալուց որոշ ժամանակ անց Սաշան ցանկացավ այցելել հին ընկերներին, թեեւ նրանք շատ արագ իրեն մոռացան ու նրանցից ոչ մեկն իրեն չէր հիշել այս ամբողջ ընթացքում: Այցելությունն անսպասելի տեղեկություն բերեց: Իր տարեկից ընկերներից ոչ մեկն այլեւս ողջ չէր: Երբ Սաշային ձերբակալել էին, իրենց ընկերներն ազատության մեջ չէին հրաժարվել թմրանյութ օգտագործելու մահացու կրքից, որն էլ իրենցից ամեն մեկին ուղիղ ճանապարհով բերեց մահվան: Այս ամբողջ ընկերությունից միայն Ալեքսանդրը ողջ մնաց ու դուրս եկավ կյանքի ուղիղ ճանապարհի վրա:

Աստված պահպանեց նրան իր մոր աղոթքներով՝ նույնիսկ բանտի մեջ: Հիմա Օլգան հարս եւ երկու թոռներ ունի: Եվ նա, եւ Ալեքսանդրը չեն դադարում կրկնել, ասելով՝ «Փառք Աստուծո, ամեն ինչի համար»: Այստեղ այս պատմությունն ավարտվում է: Ինչքան զորավոր է մայրական ջերմագին աղոթքը: Տեսնո՞ւմ եք՝ ինչքան անիմանալի է Աստուծո նախախնամությունը: Տեսնո՞ւմ եք՝ ինչքան մեծ է Աստուծո սերը մարդու նկատմամբ: Նա երբեք չի թողնում այն մարդկանց, ովքեր ամեն իրավիճակում ապավինում են իրեն: Հիշո՞ւմ եք Հին Կտակարանից Սամվել Մարգարեի մոր՝ Աննայի աղոթքը: Այս մասին կարող եք կարդալ Ա Թագավորաց գրքի առաջին գլխում: Նա այնպես էր աղոթում, որ Հեղի անունով Տաճարի քահանան կարծեց, թե Աննան հարբած է, ուստի Հեղիի սպասավորն ասաց Աննային. «Մինչեւ ե՞րբ հարբած վիճակում ես մնալու, սթափուի՛ր գինովութիւնից ու գնա հեռացի՛ր Տիրոջ առջեւից»։ Պատասխան տալով՝ Աննան ասաց. «Ո՛չ, Տէ՛ր, այդպէս չէ։ Ես վշտացած սրտով կին եմ։ Ո՛չ գինի եմ խմել, ո՛չ էլ հարբած եմ։ Ես իմ սիրտն եմ բացել Տիրոջ առջեւ։ Քո աղախնին անզգամ կին մի՛ համարիր, ես իմ բազում տրտմութիւնից եւ իմ տխրութիւնից մտամոլոր կանգնել եմ մինչեւ այժմ»։ (Ա.Թգ 1:14-16)

Սա լավագույն ծնողական աղոթքի օրինակներից մեկն է: Աննայի եւ նրա նման ծնողների ինքնաբուխ աղոթքը ցույց է տալիս մայրական աղոթքի կարեւորությունն ու նշանակությունը իրենց երեխաների փրկության գործում: Սիրելի ծնողներ: Աստված իր զավակներին է ներդրում մեր ընտանիքների մեջ, որպես ուրախություն ու մխիթարություն մեր կյանքերի եւ մենք պատասխանատու ենք բարի զավակներ մեծացնել Աստուծո Արքայության համար: Օրհնեք ձեր երեխաներին ու աղոթեք իրենց համար: Հիշեք մեր ծնողական երեք պարտականությունները՝ աշխատել ընտանիքի համար, աղոթել երեխաների համար ու երեխաներին սովորեցնել բարիք՝ այսինքն Աստուծո մասին: Երեխային դաստիարակելու լավագույն մեթոդներից մեկը նրա հետ աղոթելն է: Ոչ միայն նրան աղոթք սովորեցնելը, այլ միասին նրանց հետ բարձրաձայն աղոթել:

Օրինակ՝ երեկոյան, երբ երեխաներին պառկեցնում եք քնելու: Երբ երեխան տեսնում ու լսում է, թե ինչի մասին է աղոթում ծնողը, ապա այդ կարեւոր պահին այդ բաները նրա համար էլ են դառնում արժեք: Չէ՞ որ երեխաները ընդօրինակելով են սովորում: Ուրեմն եթե ծնողն աղոթքի մեջ խոսում է զղջման, ներելու, չար բաներ չանելու, բարի կյանքով ապրելու, Աստծուն ու մարդկանց սիրելու մասին, ապա երեխաներն էլ դրան մեծ արժեք կտան, իրենք էլ կաղոթեն ու կմտածեն այս բաների մասին ու լավ մարդիկ կմեծանան: Քանզի ինչ որ մարդու մտքերն են, այդպիսին էլ կլինի նրա կյանքը:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

 

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մայրական եւ ծնողական աղոթքի զորությունը
error: Content is protected !!