Արձակուրդից զորամաս վերադարձած Զինվորի խոսքն իր զինակից ընկերներին.

Կարճատև արձակուրդից զորամաս վերադարձած Զինվորի խոսքն իր զինակից ընկերներին.

-Մանկությունս վերջացավ ճիշտ այն ժամանակ, երբ դպրոցում գիտակցեցի, որ պատերազմն ու մահը նույնքան իրական են որքան ծնունդն ու խաղաղ կյանքը, երբ հասկացա, որ մայր, հայր, քույր ու եղբայր, արև, հեծանիվ, այս ամենը կարող է նաև մի օր չլինել, ո՛չ թե` կարող է, այլ հաստատ` մի օր չի լինելու։
Դպրոցում ուսման տարիներին հետզհետե եկա այն համոզման, որ մենք բոլորս կյանքի ընթացքում կատարելագործվում ենք մահվան համար, որ մեր կյանքի արժեքն ուղիղ համեմատական է նրան, թե ինչին է այն նվիրվում և զոհաբերվում։ Հասկացա, որ տղամարդու համար ամենամեծ երջանկությունն ու պատիվը` իր կյանքը հայրենիքի ազատագրմանն ու պաշտպանությանը զոհաբերելն է, ամենամեծ հպարտությունը` մայր հողի համար կյանքը չխնայելը, հանուն ծնողի, մոր ու մայր Հայրենիքի մեռնելն ու մեռնելով ապրեցնելը։
Ավելի ուշ, երբ արդեն հայրս ու մայրս մեծ հպարտությամբ իրենց Զինվոր որդուն ճանապարհեցին բանակ, ու ես իրենց աչքերում տեսա հաղթանակի, վերադարձի, ամուր խաղաղության բերկրանքի սպասումը, երբ արդեն ծառայում էի բանակում` միանշանակ համոզվեցի, որ տղամարդու համար գերագույն պատիվ է հայրենիքի ազատության համար պայքարելը, ազգին ու պետությանը ծառայելը, մայրական ամեն սրբության` մոր, մայր Հայրենիքի համար ամեն րոպե կյանքը զոհաբերելուն պատրաստ լինելը, բայց և այսուհանդերձ` ողջ մնալը, ապրելն ու ապրելով ապրեցնելը։
Ու ամեն անգամ մեր հրամանատարի խոսքերն եմ հիշում, որ հաղթանակից հետո մեր սուրբ հողն ու մեր սուրբ մայրերն արժանի են, որ մեզ ողջ ու առողջ տեսնեն, գրկեն, լիանան ու կշտանան մեզանով։
Գալուս նախորդ օրը թերթերում գրել էին, որ սահմանին էլի անհանգիստ է։ Առավոտյան հայրս իր հին համազգեստը հագել, կանգնել էր տան շեմին։ Ասաց.
-Գնա՛նք, որդի՛ս, ես էլ եմ գալիս…
-Ա՛յ հեր,- ասացի,- գիտե՞ս` ինչ առյուծ տղերք են սահմանին, վախն ու ցավն արհամարհող, ուժեղներից ուժեղ, գժերից գիժ, խիզախներից կատաղի, բարիներից բարի…
Այնպես որ, իմ քաջ Զինվոր ախպերներ, ձեզ պինդ պահեք։ Մենք դեռ հաղթանակից հետո, երբ թուրքին դուրս շպրտենք մեր մայր հողից, միասին` մեր մայրերի, մեր հայրերի ու ընկեր բարեկամների հետ, կառուցելու ենք մեր օջախները, ծառ ենք տնկելու և յոթ որդով սեղան ենք նստելու, ապրելով հաղթելու ենք ու հաղթելով ապրեցնենք։

Հեղինակ՝ Մուշեղ Բաբայան

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Արձակուրդից զորամաս վերադարձած Զինվորի խոսքն իր զինակից ընկերներին.
error: Content is protected !!