Հանճարեղ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը մեր իրականության այն պայծառ ու լուսավոր կետերից է, զուլալ աղբյուրը, որից տարիներ շարունակ սնվել և հոգևոր սնունդ են ստացել տարբեր սերունդներ:
Մանսուրյանը, ծնված լինելով Բեյրութում, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Արթիկում՝ դժվար ապրող, բայց իրենց մեջ, ներսում բարության մեծ չափաբաժին պահած մարդկանց շրջապատում:
Տիգրանի հայրը լուսանկարիչ էր և հոր հիվանդության ժամանակ նա էր փոխարինում հորը՝ շրջելով մոտակա գյուղերում, լուսանկարում դպրոցական աշակերտներին: Այստեղ էլ իր գործի նկատմամբ ունեցած լրջության շնրոհիվ նա վայելել է շատերի հարգանքը:
Չնայած ընտանիքում երաժիշտներ չկային, բայց մեծ էր պատկառանքը երաժշտության հանդեպ:
Տիգրանն առաջին անգամ անձամբ երաժշտություն հնչեցնելու առիթ է ունեցել Արթիկի բանվորական ակումբում: Այդտեղ նա հայտնվել էր հորը տուն կանչելու նպատակով: Այնտեղ նա առաջին անգամ նստում է դաշնամուրի մոտ և մինչ այժմ դաշնամուրի մոտ է:
Մանսուրյանը բանաստեղծություններ է գրել 2-րդ դասարանից, բայց երբ սկսում է առնչվել երաժշտության հետ, հասկանում է, որ հենց դա է իրենը: Սկսում է ինքնուրույն սովորել նոտաները, իսկ ավելի ուշ սկսում է երաժշտական կրթություն ստանալ նախ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա նաև Պետական կոնսերվատորիայում: