Երեկ մեծ իրարանցում էր բերել հանրային շրջանակներում Կաթողիկոսի հայտարարությունը: Քննարկումները թեժացել են նրա այն արտահայտած մտքի առիթով, որով ասում էր, թե ճիշտ է համարում, որ փոխվի նախկին նախագահ Ռ. Քոչարյանի կալանքի որոշումը: Շատ-շատերի նման խնդրին արձագանքել էր նաև Ալեն Սիմոնյանը՝ Կաթողիկոսի խոսքը փոխադարձելեվ հանրային մի շրջանակի կարծիքով, որը վերաբերում է հենց Կաթողիկոսի փոփոխության հարցին:
Ակնարկելով Կաթողիկոսի գործունեության առիթով հանրային շրջանակների դժգոհության և նրա պաշտոնավարության հետ կապված մարդկանց առաջարկների մասին՝ Ա. Սիմոնյանը հստակորեն հասկացրել է, որ Կաթողիկոսի գործունեությունն այնքան էլ ընդունելի չէ հասարակության մեծ մասին: Պատգամավորը Կաթողիկոսին անվանել է քաղաքացի Կտրիճ Ներսիսյան՝ անտեսելով նրա կրոնական անունը:
Ա. Սիմոնյանի հայտարարությունը և Կաթողիկոսին տված պատասխանն իր հերթին դժգոհություն է առաջ բերել կրոնական շրջանակներում: Ի պատասխան՝ հանդես են եկել կրոնական գործիչներ, ովքեր Ա. Սիմոնյանի արձագանքը վիրավորական են բնորոշել:
Նրանք քննադատաբար են վերաբերվել պատգամավորի կտրուկ արձագանքին և արտահայտած մտքերին: