Բուն Բարեկենդանի Տոն

Մարտ 03, 2019, Կիրակի
ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:

Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:


Բուն բարեկենդանի նախորդ շաբաթ օրը, երեկոյան ժամերգության ընթացքում փակվում են բոլոր եկեղեցիների խորանների վարագույրները, որոնք բացվում են Սբ. Զատկի ճրագալույցի Պատարագին: Մեծ պահքի ընթացքում վարագույրը բացվում է միայն Ծաղկազարդին, Ավագ հինգշաբթի՝ ոտնլվայի արարողությանը, Սբ. Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապ, Սբ. Մարիամ Աստվածածնի ավետման, Տեառընդառաջի տոներին, եթե դրանք հանդիպում են Մեծ պահքի օրերին:
Բուն բարեկենդանի կիրակի երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է Մեծ պահքը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Բուն Բարեկենդանի Տոն
error: Content is protected !!