Ճիշտ է Փախլավան թխել խորունկ ալյումինե թավայի մեջ:
Եռացրած ջրում մի քիչ թողնել ընկույզը կեղևազրկելու համար: Կեղևազրկելուց հետո կտրտել ընկույզը, ապա փռել, որ չորանա:
Հատուկ սարքով շաքարը կոտրել մանր խորանարդիկների տեսքով:
Խմորի պատրաստումից երկու ժամ առաջ պատրաստել թթխմոր. մեկ թեյի գդալ խմորիչը մեկ սուրճի բաժակ գոլ ջրով և ալյուրով խառնել իրար, թողնել տաք վայրում, որ հասնի:
Խմորը պատրաստելու համար վեց հավկիթին ավելացնել 180 գրամ կարագ, 300 գրամի չափ 20%-անոց թթվասեր, մի քիչ աղ և նախապես պատրաստված թթխմորը: Հունցելիս մթերքները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի: Աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը՝ մինչ խմորի պատրաստ լինելը: Երբ խմորը պատրաստ լինի, այն մի քիչ էլ հունցել յուղով:
Խմորը ծածկել և թողնել 2 ժամ հանգստանա: Հետո խմորից 22 գունդ անել: Գրտնակել գնդերը՝ բարակ շերտերի վերածելով, առաջին շերտը տեղավորել թավայի մեջ, մակերեսը յուղել: Ապա շաքարապատել:
Մյուս շերտերին նոր ավելացնել ընկույզը:
Նախավերջին շերտին ընկույզի ու շաքարի փոխարեն տարածում ենք միայն շաքարավազ ու յուղ:
Վերջում մակերեսը պատել հավկիթով: Շեղակիորեն կտրել, ուղարկել ջեռոց:
Կարելի է եփելու ժամանակ երեսը մի փոքր փայլաթիթեղով ծածկել, որ շերտերը լավ եփվեն:
Կարմրելուց հետո հանել, վրան համաչափ տարածել մեղր, էլի վերադարձնել ջեռոց ևս 5 րոպե: